Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը տեսակապի ռեժիմում մասնակցել է Նուր Սուլթանում հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հուշարձանի բացման արարողությանը, հայտնում է Tengrinews.kz-ը:

Հուշարձանը տեղադրվել է Պաշտպանության ազգային համալսարանում: Տոկաեւը տեղի ընտրությունը անվանել է խորապես խորհրդանշական ակտ, քանի որ Զինված ուժերը ստեղծվել են Նազարբաեւի հրամանով:

«Անկախության արշալույսին Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւը անձամբ է մասնակցել ռազմական շինարարության ամենաբարդ խնդիրների լուծմանը»,- ասել է Տոկաեւը՝ հավելելով, որ միայն հզոր զինված ուժերով ուժեղ պետությունը կկարողնա պահպանել ամբողջականությունն ու հեղինակությունը:

Պետության ղեկավարի խոսքով՝ հենց այս պատճառով իշխանությունները շարունակում են հատուկ ուշադրություն դարձնել բանակի մարտունակության եւ կադրերի որակավորման բարձրացմանը:

2020 թվականի հուլիսի 6-ին Նազարբաեւը կդառնա 80 տարեկան: Այդ օրվան համընկնող Մայրաքաղաքի օրը Ղազախստանում նշում են որպես պետական տոն:

2019 թվականի մարտի 19-ին Նազարբաեւը Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց՝ իշխանության ղեկին լինելով գրեթե 30 տարի: Դրանից հետո հանրապետության մայրաքաղաք Աստանան վերանվանեցին ի պատիվ նրա, եւ այժմ քաղաքը կոչվում է Նուր Սուլթան: Նազարբաեւը կրում է ազդի առաջնորդի տիտղոսը (Ելբասի), ինչպես նաեւ մնում է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ցմահ ղեկավարը եւ իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահը: