Գյումրեցի Սոնիկ Կարապետյանի դին հիվանդանոցից այլ մարդկանց հանձնելու փաստի առթիվ հարազատները դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն, դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Irakanum.am-ին տեղեկացրեցին  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Մարիամ Մալխասյանի կողմից իրեն ուղղված նամակը, որում օգտատերը պատմել էր, որ կորոնավիրուսից մահացած իր տատիկի դին չեն կարողանում գտնել, քանի որ դին դիահերձարան տեղափոխող սանիտարը լավ չի կարողացել կարդալ հանգուցյալի ազգանունը, և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, ամենայն հավանականությամբ, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը երեկ պարզաբանել էր, թե Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին և այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։

Հիշեցնենք նաև, որ Մարիամ Մալխասյանը նշել էր, որ տատիկի գրպանից գումար է անհետացել և մայրապետը տատիկի հեռախոսի գումարը փոխանցել է իր հաշվին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պարզաբանել էր, որ օրենսդրությամբ սահմանված կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։