«Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, ինչպես նաեւ դիերի տեղափոխման պրոցեսում: Շփոթմունքն ուղղվել է, ամեն հարազատ ստացել է…»: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով այն հարցին, թե «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում կորոնավիրուսից մահացած տատիկի դիակը կորցնելու դեպքից՝ ի՞նչ հանգամանքներ են պարզվել, ինչո՞ւ էր այդպես ստացվել։

Կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը անդրադառնալով Թորոսյանի այս հայտարարությանը, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք սխալ չեն ճանաչել իրենց հարազատին, այլ նրանք, ովքեր տարել և հուղարկավորել են իրենց տատիկին։ «Դա մեզ չի վերաբերում, ով որ տարել մեր հանգուցյալին թաղել է, ինքն է սխալ տարել, ինքն է սխալ ճանաչել»,- ասաց Մարիամ Մալխասյանը, հավելելով, որ նույն այդ անձինք սխալ են ճանաչել իրենց տատիկին և փաստացի հուղարկավորել են իրենց տատիկին։
Տեղի ունեցածը մահացածի հարազատները համարում են խայտառակություն։ Հարցին, թե Առողջապահության նախարարությունից կապ հաստատել են, ներողություն խնդրե՞լ են, Մարիամ Մալխասյանն ասաց, որ որեւէ նման հեռախոսազանգ չեն ստացել ոչ նախարարությունից, ոչ պարետատնից։

Կատարվածի համար ներողություն խնդրել են միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից։
Այսօր արդեն վերջապես գյումրեցի տատիկի դին արտաշիրիմումից հետո հանձնվել է հարազատներին, ովքեր և հողին են հանձնել նրան։