Համաշխարհային թենիսի աստղ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու նրա կինը հաղթահարել են կորոնավիրուսը` ընդամենը 10 օր անց այն բանից հետո, երբ նրանց թեստը դրական պատասխան էր ցույց տվել: Այս մասին գրում է tmz.com կայքը:

Ջոկովիչին քննադատել էին անցյալ ամիս կորոնավիրուսի համավարակի պայմաններում Խորվաթիայում թենիսի առաջնություն անցկացնելու համար: Նրան և առաջնության մասնակիցներից մի քանիսին նկատել էին նաև գիշերային ակումբներում:

Ավելի ուշ առաջնության մի քանի մասնակիցների թեստի պատասխանները դրական էր եղել, այդ թվում՝ Ջոկովիչի, նրա կնոջ և այլ պրոֆեսիոնալ թենիսիստների:

Բայց այժմ Նովակի մեդիա թիմը հայտարարել է, որ նրա ընտանիքը բուժվել է. «Նովակ Ջոկովիչի ու նրա կնոջ` Ելենայի կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են: Դրանք Բելգրադում անցկացված թեստերի պատասխաններն են»:

Նովակը, որը պնդում էր, որ իր մոտ երբեք կորոնավիրուսի ախտանշաններ չեն եղել, ավելի ուշ ներողություն էր խնդրել իր գործողությունների համար:

«Ես ցավում եմ վարակման ամեն դեպքի համար: Հույս ունեմ, որ դա ոչ մեկի առողջական վիճակը չի բարդացնի, և ամեն ինչ լավ կլինի: Մենք առաջնությունը կազմակերպել էինք այն ժամանակ, երբ վիրուսը թուլացել էր` հավատալով, որ այն անցկացնելու պայմանները կատարվել են»,-ասել էր Ջոկովիչը: