Մա՞րդն է Օրենքի համար, թե՞ օրենքը մարդու։ Մեր հասարակության մի մասը կարծում է, թե օրենքն է մարդու համար, այն կարելի է փոփոխել, կարկատել, հարմարեցնել մարդկանց մեծ մասին, մի խումբ մարդկանց, մեկ մարդուն։ Այս մոտեցման ծայրահեղ այլասերված տարբերակում մարդը վերևից է նայում օրենքին, քանի որ կարծում է՝ այն իր համար է, հետևաբար՝ կարող է նրա հետ վարվել ինչպես ուզենա։ Արդյունքում՝ Օրենքը դադարում է «ամեն ինչից վեր լինել», «բոլորը հավասար են Օրենքի առաջ» նորմը չի աշխատում, Օրենքը ոչ թե առաջնորդում է, այլ դառնում գործիք։ Այսպիսի իրավիճակում ճիշտը սխալից տարբերելու հարցում անփոխարինելի դեր ունի պետության գլուխը, մեր Սահմանադրությամբ՝ ՀՀ նախագահն, իր հեղինակավոր կարծիքով հանդերձ։ Խնդիրն այն չէ, թե սահմանադրական ինչ լիազորություններ և իրավունքներ ունի ՀՀ նախագահը։

Ոչ էլ այն է, թե, այս կամ այն օրենքն ինչպես կանդրադառնա ժողովրդի ֆինանստատնտեսական դրության վրա ապագայում։ Խնդիրն այն է, թե Օրենքն ու Նախագահը մեկ ամբողջություն են, պետության գլուխն ուղիղ ասոցիացվում է Օրենքի հետ, նրա ստորագրությամբ է տեքստն Օրենքի ուժ ստանում, դառնում ամեն ինչից վեր։ ՀՀ նախագահը, որն աշխարհի ամբիոններից ներկայացնում է Հայաստանը, պարտավոր էր ժողովրդին և միջազգային հանրությանը բաց ներկայացնել իր՝ պետության ընտրովի բարձրագույն պաշտոնյայի, դիրքորոշումը վերջին շրջանի օրենսդրական աղմկահարույց նախաձեռնությունների վերաբերյալ։ Ակնկալվում էր, որ այդ դիրքրոշումը կառաջնորդվեր արժեքներով, քաղաքական և քաղաքակրթական հիմնավորումներ կունենար։ Եթե օրենսդրական նախաձեռնությունները չեն համապատասխանում ազգային և քաղաքակրթական արժեքներին, այսինքն՝ փոխվում է ոչ միայն օրենքի տառն, այլև ոգին, ապա պետք էր բաց ասել այդ մասին։

Իսկ եթե այդ փոփոխությունները քաղաքական և քաղաքակրթական առումով անհրաժեշտ են, հրատապ, ապա այդ մասին դարձյալ պետության գլուխը պետք է խոսեր՝ պարզ, հանգամանալից, բարձր ձայնով։ Այնինչ՝ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանին առնչվող վերջին նախաձեռնությունների վերաբերյալ ցուցաբերեց անհասկանալի դիրքորոշում՝ ոչ ստորագրեց, ոչ դիմեց ՍԴ, ոչ հիմնավորեց, թե ինչու չի ստորագրում կամ չի դիմում ՍԴ։

Արդյո՞ք նրա չհիմնավորված դիրքորոշումը հարվածեց Նախագահի ինստիտուտի, հետևաբար նաև՝ պետության հեղինակությանը։ Իսկ եթե անենք հակասող ենթադրություն, ըստ որի՝ իշխանություններն այսպես են վարվում, որպեսզի տապալեն Սահմանադրական դատարանին առնչվող կարևոր փոխոխությունները, ապա այս դեպքում ամեն ինչ, կարծես, իր տեղն է ընկնում։ Բաց է մնում մի հարց. Եթե ՀՀ նախագահը ԱԺ նախագահի գիտությամբ և համաձայնությամբ է խուսափում մտնել օրենսդրական նախաձեռնությունների պատասխանատվության տակ, ապա ո՞վ է ՀՀ նախագահին շնորհակալություն հայտնելու, որ այսպիսով պետության գլուխ հանդիսացող Նախագահին հեռացրեցին-կտրեցին-բաժանեցին Օրենքից։

Թաթուլ Մկրտչյան