Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին եւ դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի’ դատախազներ եւ դատախազության աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մեր օրերում դատախազությունը, ինչպես պետական ծառայության բազմաթիվ այլ ոլորտներ, շարունակապես վերափոխվում են` իրականացնելու համար քաղաքացու եւ պետության շահերին ծառայելու, Հայաստանի Հանրապետությունում օրինականությունը եւ իրավունքի գերակայությունը ապահովելու իրենց առաքելությունը։

Այսօր դուք ուժերի գերլարումով եք աշխատում տարիներ շարունակ տեղի ունեցած հանցագործությունների արդյունքում մեր պետությանը հասցված վնասները վերականգնելու եւ զանազան հանցագործություններին իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։ Ուզում եմ արձանագրել, որ ձեր ծառայությունը գտնվում է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության եւ հոգածության կենտրոնում։ Հատկապես կարեւոր եմ համարում առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կենսագործման ուղղությամբ դատախազության համակարգում ընթանող կառուցվածքային նախապատրաստական լրջագույն աշխատանքները։

Վստահ եմ, որ ձեր նվիրումի եւ անմնացորդ աշխատանքի արդյունքում է’լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը։ Արիություն եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում պատվաբեր ձեր աշխատանքում»: