Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող  սոցիալական վճարների փոփոխություններին:

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» գործող օրենքի  500 հազար ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500,000 դրամը, իսկ սոցիալական վճարի առավելագույն չափը կազմում է 12,500 ՀՀ դրամ և 500,000 ՀՀ դրամ համախառն եկամտի գերազանցող մասի համար սոցիալական վճար չի հաշվարկվում:

Սակայն համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» 81-րդ հոդվածի մինչև ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը «սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12,500 ՀՀ դրամ, կատարում է պետությունը», ինչպես նաև «կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37,500 ՀՀ դրամը»։ Մյուս կողմից էլ հիմք ընդունելով սույն ԱԺ-ի կողմից 2019թ.-ի հունիսի 25-ին ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, սոցիալական վճարները հաշվարկվելու են հետևյալ կերպ 2021-2022թ.-ի համար (տե՛ս աղյուսակ 1):

Սոցիալական վճարների հաշվարկման նոր եղանակը կհանգեցնի հետևյալի՝

2020թ.-ի հուլիս ամսին նախորդ ամսվա համեմատ զգալիորեն բարձրանալու է սոցիալական վճարների չափը 500,000 ՀՀ դրամից ավել համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար, որի արդյունքում համապատասխանորեն կկրճատվի նաև վերջիններիս տնօրինվող եկամուտը:

Անվանական արտահայտությամբ (գնաճի ազդեցությունը հաշվի չառնելով) 2021-2022թ.-ին եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը թեև կմեղմի զուտ եկամուտների կրճատումը, սակայն ինչպես 2021թ.-ին, այնպես էլ 2022թ.-ին 500,000 ՀՀ դրամից բարձր համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց զուտ եկամուտները զիջելու են 2020թ.-ի հունիսի մակարդակին:

2021թ.-ին, այնպես էլ 2022թ.-ին 2020թ.-ի հունիսի համեմատ 500,000 ՀՀ դրամից բարձր համախառն եկամուտների պարագայում գրանցվելու է նաև իրական զուտ եկամուտների կրճատում՝ գնաճով ճշգրտված:

Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի աշխատավարձի մակարդակ ունեցողները, նաև կարող են համարվել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած անձինք՝ հատկապես նորակառույցներում, ապա նաև հետագա 2021-2026թթ.-ին գույքահարկի բարձրացումը հաշվի առնելով, կհանգեցնի նրան, որ այդ անձինք դժվարություններ կունենան պահպանելու սպառման տվյալ մակարդակը հիփոթեքային վարկերի մարումների և գույքահարկի բարձրացմանը զուգահեռ: