«Ես ներկա եմ գտնվել Սեդրակ Առուստամյանի վերջին մեկուկես տարվա բոլոր ցուցմունքներին՝ տարբեր քննչական մարմիններում, հետաքննության մարմիններում տված բացատրություններին, երբևէ նման արտահայտություն Սեդրակ Առուստամյանը չի արել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Մուլտի գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե Սեդրակ Առուստամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր անունով գրանցված մոտ 120 ձեռնարկությունները իրականում պատկանում են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Ըստ փաստաբանի՝ նման ցուցմունք գոյություն չունի։

Փաստաբանն անդրադառնալով շրջանառվող 120 ձեռնարկություններին, որոնք իբրև թե գրանցված են Սեդրակ Առուստամյանի անունով նշեց, որ տարածված տեղեկություններն ամբողջովին սուտ են և իրենց համար պարզ չէ, թե ում է ձեռնտու այպիսի ապատեղեկատվություն տարածելը։

«Այդպիսի թիվ գոյություն չունի։ Սեդրակ Առուստամյանը այդքան ընկերությունների բաժնետեր կամ սեփականատեր չէ։ Այդ տեղեկությունն այնքան անհեթեթ է, որ ես նույնիսկ  տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ։ Չեմ կարողանում հասկանալ նաև, թե այդ ապատեղեկատվության տարածման  նպատակը, ողջամիտ ակնկալիքը որն է»,- ավելացրեց Սուքիասյանը։