ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների համաձայն` Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք դատավոր ուղարկվում են թոշակի:  Սահմանադրական դատարանի նոր կազմը համալրելու համար իշխանությունն ունի մեկ ամիս ժամանակ։ Այս օրերին լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ իշխանությունն արդեն իսկ ունի սեփական թեկնածուներին, որոնց էլ առաջիկայում կգործուղի ՍԴ։

Խոսքը մասնավորապես նախկին զինդատախազ, ՀԱԿ-ի ցուցակով պատգամավոր աշխատած Գագիկ Ջհանգիրյանի և Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի մասին է։ Վերջինս հատկապես ջանք ու եռանդ չի խնայում գովերգելու համար օրվա իշխանություններին։ Անդրեասյանը շաբաթը մեկ հայտնվում է Հանրայինի եթերում և հնարավոր ու անհնարին մեթոդներով փորձում է գովաբանել, իր դեպքում փառաբանել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Տպավորություն է ստեղծվում, թե նախկինները զոռով էին Անդրեասյան Կարենին կարգել ՄԻՊ և ինքն էլ չուզենալով էր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին կատարում Սերժ Սարգսյանի և նրա թիմակիցների իրավունքների պաշտպանությունը։

Այն, որ հայաստանյան դատական համակարգում կա խնդիր թերևս չենք վիճարկում, բայց ակնհայտ է, որ հատկապես Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը հանգուցալուծելու հարցում Անդրեասյան Կարենը բնավ էլ օգուտ տալ չի կարող։ Բայց այս հանգամանքը իշխանություններին չի մտահոգում, նրանց խնդիրն է ունենալ բարձր դատարանում մարդիկ, ենթականեր, ովքեր կկատարեն իրենց քհահաճույքները։ Այնպես, որ չի բացառվում, որ առաջիկայում ՍԴ դռներից որպես դատավոր ներս մտնի Կարեն Անդրեասյանը։

Ի դեպ հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանին ՄԻՊ պաշտոնից հեռացրեցին օմբուդսմենի գրասենյակի դռան վրա վարդագույն ներկ շփելով, գուցե նոր պաշտոնում դիմավորելիս էլ նույնը իրականացվի։ Այսպես, ավելի գունավոր ու տոնական կստացվի ցերեկույթը։

Նյութի աղբյուրը՝ Armday.am