NEWS.am–ի տեղեկություններով՝ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ՔՊ–ական ղեկավարի, նրա տեղակալի և օգնականի կողմից թաղապետարանի աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

Նշենք, որ քրեական օրենսգրքով նախատեսված այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Քրեական գործը հարուցվել է ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում և նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել Քննչական կոմիտե։

Մեր տեղեկություններով՝ ենթադրյալ բռնության ենթարկված համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանը գործով ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։

Հիշեցնենք, որ Գևորգ Պողոսյանը հունիսի 18–ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

NEWS.am–ի հետ զրույցում Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հերքել էր աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու հանգամանքը, իսկ դիմում գրելուն պարտադրելը նա բացատրել էր նրանով, որ Գևորգ Պողոսյանը պատշաճ չի կատարում իր աշխատանքային պարտականությունները։ Ըստ թաղապետի՝ Պողոսյանին ոչ թե նրան առաջարկել են դուրս գալ աշխատանքից, այլ տեղափոխվել պահակի հաստիքի։