Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել է, որ պահպանում է Ռոբերտ Կոխի անվան վարակաբանության գիտահետազոտական ինստիտուտի հանձնարարականները և խանութ այցելության ժամանակ դիմակ է դնում: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Reuters-ը։

Լրագրողի այն հարցին, թե ինչու կանցլերը երբեք հանրության առջև չի հայտնվում պաշտպանիչ դիմակով, Մերկելն ընդգծել է, որ հեռավորությունը պահպանելու դեպքում դիմակի անհրաժեշտություն չկա:

«Եթե ես պահպանում եմ սոցիալական հեռավորության ընդունված կանոնները, դիմակ դնելու կարիք չկա։ Բայց երբ ես գնում եմ գնումներ կատարելու, այդ ժամանակ կարող եք ինձ դիմակով տեսնել»,- նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ «իրեն դիմակով տեսնելու հնարավորություն դեռ կունենան»։

Նա նաև նշել է, որ կորոնավիրուսային ճգնաժամից պետք է դասեր քաղել, քանի որ այն փաստը, որ «մենք վիրուս չենք տեսնում, չի նշանակում, որ այն հեռացել է»։

Հիշեցնենք, որ Մերկելի և Մակրոնի բանակցությունները տեղի են ունեցել Բեռլինի մոտ գտնվող կառավարության Մեզեբերգ նստավայրում: Եվրոպայի երկրներում համաճարակի սկսվելուց ի վեր սա երկու առաջնորդների առաջին հանդիպումն է եղել։