«Հրապարակ» թերթը գրում է. «1994թ․ ապրիլին Արմավիրի Տարոնիկ գյուղում սպանվեց Էջմիածնի բնակիչ, 36-ամյա գործարար Մհեր Պողոսյանը։ Սպանության մեջ մեղադրվեց ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը։ Այնուհետեւ հանցանքը վերաորակվեց, եւ Գրիգորյանը դատապարտվեց զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, պատիժն էլ ամբողջությամբ չկրեց․ դուրս եկավ 3 ամսից։

Թավշյա հեղափոխությունից հետո սպանվածի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, գործը վերաբացելու պահանջ ներկայացրեց։ 2020 թ․ մարտի 5-ին վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց 26 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատավճիռը՝ բավարարելով զինդատախազի բողոքը։

Վերաքննիչի որոշման դեմ Հ․ Գրիգորյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Էդուարդն ասում է, որ Գրիգորյանը վճռաբեկում «լեզու է գտել» ու «ջրել» գործը։ Ավելին, մտերիմների հետ քեֆ-ուրախություն է արել՝ տոնել հաղթանակը։ «Ըստ ինձ հասած լուրի՝ վճռաբեկը համաձայնել է այնպիսի որոշում կայացնել, որը լիարժեք ազատություն կտա Հրանտ Գրիգորյանին»,- ասում է տուժողի իրավահաջորդը։

Մինչ այդ, սակայն, Գրիգորյանը փորձել է «լեզու գտնել» սպանվածի որդու՝ Էդուարդի հետ։ Նրան լռեցնելու եւ գործը մեկընդմիշտ փակելու Գրիգորյանի ջանքերը, սակայն, զուր են անցել․ ո՛չ ահաբեկելն է Էդուարդին հետ պահել մինչեւ վերջ գնալու վճռականությունից, ո՛չ կաշառքը։

«Մեկի միջոցով 250 հազար դոլարի ակնարկ էր անում»,- ասաց նա, որի տեղեկություններով՝ Հրանտը 1 մլն 300 հազար դոլարով վաճառել է իրեն պատկանող ռեստորանային համալիրներից մեկը։ «Նոր իշխանություններին չեմ մեղադրում․ ուղղակի դանդաղ են գործում։ Ես զարմանում եմ այն դատավորների վրա, որոնք դեռ շարունակում են գումարի դիմաց մարդասպանին երկրորդ անգամ ազատել պատասխանատվությունից։ Փաստորեն, 2 տարի անց էլ նոր Հայաստանում Հրանտ Գրիգորյանը կարողանում է փողով հարց լուծել։ Բայց ես կանգ չեմ առնելու․ Հրանտ Գրիգորյանի հետեւից գնալու եմ այնքան, մինչեւ տեսնեմ նառերի վրա պառկած»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում