«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Լիդիան Արմենիան արդեն երկու տարի շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Սակայն Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա, և Ընկերությունը հայտնում է իր մտահոգությունը տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Լիդիան Արմենիան սեփական տարածքի և իր գույքի անվտանգության խնդիրը լուծելու համար նպատակահարմար է գտել փոխել պահանորդային ծառայություն իրականացնող ընկերությունը։ Վերջինս լիազորված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օրենքի շրջանակներում իրականացնել Ամուլսարի տարածքի պահպանությունը»:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան նոր պահնորդական ընկերության աշխատակիցները զենքով մտել են Ամուլսարի տարածք, որից հետո Ջերմուկի ակտիվիստներն ու բնակիչները նույնպես սկսել են հավաքվել: Նրանք պահանջել են, որ նոր պահնորդական ծառայությունը գործի ճիշտ նույն կանոններով ու պայմաններով, ինչպես իր նախորդը՝ «Պանտեռա» ընկերությունը: Երկար բանակցություններից հետո ջերմուկցիների պահանջը բավարարվել է: