ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարում անդրադարձավ գիտելիքի կարևորությանը, տեխնոլոգիաներին, գյուղատնտեսությանն ու երիտասարդների առջև բացվող հնարավորություններին, պատասխանեց նաև COAF-ի շահառու համայնքների երեխաների հարցերին:

Նախագահը նախ հիշեց, որ Լոռիում COAF-ի կենտրոն այցի ընթացքում սաները շատ հետաքրքիր հարցեր էին տվել իրեն և հետաքրքիր պատասխաններ՝ իր հարցերին: Արմեն Սարգսյանը նաև հիշեց, որ իր հարցին, թե ինչ են ուզում դառնալ, մեծ մասը պատասխանել էր՝ դիվանագետ: Նախագահը նրանց քաջալերել է զբաղվել նաև գյուղատնտեսությամբ, որովհետև կարծում է, որ միայն նոր տեխնոլոգիաները, ՏՏ ոլորտում մասնագիտություն ստանալը բավարար չէ: Նա նկատեց, որ երեխաները գրեթե բոլորն ուզում են դառնալ դիվանագետ: «Մեր երկրում այդքան դիվանագետ պետք չէ, բայց հստակ պետք են ժամանակակից գյուղատնտեսությամբ, ֆերմերությամբ զբաղվող մարդիկ, որոնց կյանքը գուցե ինչ-որ տեղ ավելի լավ է քաղաքում ապրող իրենց գործընկերներից՝ մաքուր օդ, բնություն: Եվ իրականում նրանք ոչնչով հետ չեն մնում, նաև տեղեկության առումով: Հարցը նրանում է, թե որքանով են իրենք պատրաստ, որ կարողանան այդ տեղեկություններն օգտագործեն, վերլուծեն  և լինեն ժամանակակից մարդ, ժամանակակից ֆերմեր, սեփական տուն, սեփական կաթի գործարան, կենդանիներ ունենան»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը նկատեց, որ երեխաները, որոնք ապրում են, օրինակ, Դսեղում կամ որևէ այլ գյուղում, ունեն հնարավորություն աշխարհի լավագույն կրթությունը ստանալու, եթե մի քանի փոքրիկ գործիք լինի, եթե կառավարությունը և մնացած բոլորն աջակցեն, որ լավագույն կրթությունը տրվի նաև առցանց:

«Ես շատ ուրախ եմ, որ ձեզ հետ շփվում եմ, նաև ինչ-որ տեղ ձեզ նախանձնում եմ՝ շատ բարի նախանձով, որովհետև դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր աշխարհում, շատ ավելի բազմատեսակ, բազմապիսի և շատ ազատ աշխարհում: Ձեզնից յուրքանչյուրը հոյակապ հնարավորություններ ունի իր առջև, միայն թե կարողանաք վերցնեք ու այդ հնարավորությունը օգտագործեք»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը նաև լսեց ու պատասխանեց COAF-ի շահառու համայնքների երեխաների բազմապիսի հարցերին: