Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով հուլիսի 3-ի կայանալիք դատական նիստին ներկա կլինի նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Թորոսյանի փաստաբան Երեմ Դավթյանը։

Նա հայտնեց, որ նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Արսեն Թորոսյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել էր։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: