Մենք բոլորս կարիք ունենք մեր հակամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու, պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հակառակ դեպքում՝ չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել։ Առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է իրենց գործունեության ոլորտում պահպաններ կանոնները», — ասաց վարչապետը։

Նա նշեց՝ կազմակերպությունները պետք է պարտավորություն ստանձնեն ոչ միայն իրենց, այլև հարակից տարածքներում հերթերի պահպանման համար։

Նրա խոսքով շաբաթ և կիրակի օրերին սոցիալական ցանցերում տեսել են բազմաթիվ ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների մասին վկայող տեսարաններ. «Բազմաթիվ կազմակերպություններում արված են սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներ, բայց դրանք չեն օգտագործվում։ Հիմա արդեն մեր թվերը ցույց են տալիս, որ առանց բացառության բոլորս որտեղ ինչքան և ինչպես կարողացել ենք քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ։ Քանի որ այս երևույթն արդեն այսպիսի մասշտաբներ է ստացել Հայաստանում, կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկել, հակառակ դեպքում չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել»,-ասաց վարչապետը։

Վերջինս ընդգծեց, որ բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների ղեկավարները պետք է անհատական պատասխանատվություն վերցնեն իրենց կազմակերպության տարածքում հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով։

«Այս ճգնաժամի հաղթահարումը կախված է մեր անհատական ջանքերից», — նշեց վարչապետը։
Վարչապետը հայտնեց, որ այս պահին 123 հիվանդ գտնվում է  ծայրահեղ ծանր վիճակում, 529 հիվանդ՝ ծանր։ Եվս 1739 հիվանդի մոտ առկա է թոքաբորբ։ Ըստ Փաշինյանի այս վիճակագրության հեղինակն ու մեղավորը մեզանից յուրաքանչյուրն է։