Վրաստանում COVID-19-ով վարակված նոր հիվանդներից մեկը ՀՀ քաղաքացի է, ով գտնվում էր կարանտինային գոտում, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսի բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն, հայտնում է «Sputnik-Վրաստան»-ը:

Ըստ նրա՝ անցած 24 ժամվա ընթացքում կլինիկա է ընդունվել վարակված երկու հիվանդ: Նրանցից երկրորդը Վրաստանի քաղաքացի է, որը նույնպես կարանտինային գոտում էր գտնվում:

Բոքսի բաժանմունքում բուժում է ստանում ընդհանուր 24 պացիենտ:

«Պացիենտների ընդհանուր վիճակը չափավոր է եւ մեղմ: Այս պահին ծանր հիվանդներ չունենք: Անցած 24 ժամվա ընթացքում երկու հիվանդ է ժամանել, երկուսն էլ տեղափոխվել են կարանտինային գոտիներից, նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, իսկ երկրորդը՝ ՀՀ քաղաքացի: Այժմ նրանք հետազոտվում են»,- լրագրողներին հայտնել է Էնդելաձեն:

Այս ժամանակահատվածում երկրում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը 924 էր, առողջացել է 785 մարդ, մահացել է 15 հիվանդ: 2819 մարդ գտնվում է կարանտինում, 230-ը գտնվում է հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: