Հայ երգչուհի Մերի (Մաշա) Մնջոյանն իր հզոր ձայնով ու հիանալի կատարումներով այս ագամ էլ գերեց ավստրալացիների սրտերը։ Նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում ժյուրիին և հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։ Հիմա հերթը «մենամարտ» փուլինն էր։ Այստեղ հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ` երգչուհի Էլլա Մոներիի հետ «մենամարտելու»։

Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։

Ժյուրիի անդամները հիացան աղջիկների կատարմամբ. կատարումն ուղեկցվեց հանդիսատեսի ու ժյուրիի բավականին երկար հոտնկայս ծափերով։ Էլլայի և Մաշայի մարզիչը՝ մենթոր Քելի Ռոուլենդը, դժվար ընտրության առաջ հայտնվեց։ Ու չնայած Մաշայի հիանալի կատարմանը՝ նա ընտրեց Էլլային։ Բայց «Ձայնի» մյուս աստղային մարզիչը՝ հայտնի երգիչ Բոյ Ջորջը, «փրկեց» Մաշային և հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց նրան։

«Ինչպիսի կրակոտ փորձառություն իմ երկվորյակի հետ։ Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ է լինելու հետո»,- Facebook-ի իր էջում գրել է Մաշան և Էլլայի հետ լուսանկար հրապարակել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մենթոր Քելիի Ռոուենդին ու նաև Բոյ Ջորջին՝ իրեն «փրկելու» համար։