Ղազախստանում կարող են վերադառնալ խիստ կարանտինային ռեժիմին: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը, փոխանցում է Tengrinews.kz-ը:

«Ներկայիս համաճարակաբանական իրավիճակը կայունացնելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու նպատակով ես հանձնարարում եմ Պետական ​​հանձնաժողովին  երկու օրվա ընթացքում առաջարկություն մշակել խստագույն կարանտինի ներդրման մասին եւ ներկայացնել ինձ՝ այնպիսին, ինչպիսին գործում էր մարտ ամսվա ընթացքում»,- հայտարարել է նա կորոնավիրուսային վարակի տարածման դեմ միջոցառումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

Ըստ նրա՝ միջգերատեսչական հանձնաժողովը լիարժեք կերպով չի կարողացել անհրաժեշտ օպերատիվ եւ խիստ համակարգում, մոնիտորինգ եւ կատարման վերահսկողություն ապահովել: «Հանձնարարում եմ համաճարակի դեմ պայքարին, սոցիալական եւ տնտեսական բացասական հետեւանքների վերացմանն ուղղված բոլոր որոշումները մշակել վարչապետի գլխավորությամբ համապատասխան Պետական ​​հանձնաժողովի շրջանակներում: Պետական ​​հանձնաժողովը պետք է կրիտիկական ռեսուրսների բաշխման կենտրոնացված վերահսկողություն ապահովի»,- ասել է Տոկաեւը:

Հիշեցնենք, որ երկրում, պաշտոնական տվյալների համաձայն, վարակման 21 327 դեպք է գրանցվել, որից 12.933-ը առողջացել է բուժումից հետո, 183-ը մահացել է: Ակտիվ հիվանդ է 8․2 հազար մարդ: Առանց կլինիկական ախտանիշների կորոնավիրուսով վարակվածների թիվը 16 639 է:

Մեկ շաբաթվա ընթացքում ասիմպտոմատիկ մարդկանց թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 9809-ից հասնելով 15 573 մարդու։