ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ լայնածավալ վերահսկողություն հանրապետության հանրային բոլոր սննդի կազմակերպություններում: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

ՍԱՏՄ այսօրվա ստուգայցերի ու կրկնայցերի թիրախը Գյումրին էր: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում անցկացված մշտադիտարկումները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ տնտեսավարողների առավել պատասխանատու վերաբերմունքն ու պատրաստակամությունը շտկելու նկատված թերացումները: Հանրային սննդի մի քանի կազմակերպություններում ՍԱՏՄ տեսուչները պնդել են այնուամենայնիվ հեռացնել այն սեղանները, որոնց դիրքը թույլ չի տալիս պահպանել պահանջվող սոցիալական հեռավորությունը անձանց միջև, թեև, ըստ տնտեսավարողների դրանք չսպասարկվող սեղաններ են եղել:

Դրականորեն արձանագրվել է, որ արդեն պատշաճորեն կատարվում են ջերմաչափումները և ճշգրտորեն լրացվում գրանցամատյաններում, դիմակներ դնում են բոլորը, ձեռքի ախտահանիչներ ու փակ աղբամաններ կան բոլոր պահանջվող տեղերում, տարածքի ախտահանումը կատարվում է սահմանված հաճախականությամբ:

Իսկ Երևանում այսօր 72 ժամով կասեցվել են «Կառավելլ» ռեստորանային համալիրը՝ բազմամարդ միջոցառում կազմակերպելու համար և «Էսկոբար» սրճարանը. այստեղ հաճախորդներին նարգիլե է մատուցվել:

48 ժամով կասեցվել են նաև Վանաձոր քաղաքի երկաթուղայինների այգում գործող անհատ ձեռնարկատեր Նորիկ Բերնեցյանին և Աշտարակ քաղաքում անհատ ձեռնարկատեր Լիլիթ Հովհաննիսյանին պատկանող սրճարանները, որտեղ չեն ջերմաչափել հաճախորդներին և թերի են լրացրել գրանցամատյանները: Այս խախտումները կրկնվել են:

ՍԱՏՄ-ն միշտ փաստում է, որ կասեցումների նպատակը ոչ միայն պատժելն է կարգազանցության համար, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: Նման խորհրդատվությունն, ակնհայտորեն, դրական արդյունք է տվել: