Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 04։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Աէրացիա թաղամասի թիվ 37 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Այնուհետեւ օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս մեկ մարտական հաշվարկ, մեկ ջրատար եւ քաղաքապետարանի կողմից տրամադրած երկու ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի թիվ 47/2 հասցեում՝ կահույքի արտադրամասում (մոտ 1200 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։53-ին, մարվել՝ 07։36-ին։ Այրվել են կահույքի կառուցատարրեր, 14 հաստոց եւ փայտանյութ (մոտ 550 քմ տարածքում)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 40 փրկարար ծառայող։