«ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին, քանի որ այն գումարվում է սահմանադրական կարգը տապալելու համար»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նա մասնավորապես, գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ վաղը Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն, այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին:

Ի տարբերություն մեր որոշ գործընկերների՝ ովքեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19 վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար այդուհանդերձ մասնակցել են Ազգային ժողովի նիստին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ցուցաբերում են բարձր սոցիալական պատասխանատվություն յուրաքանչյուր քաղաքացու, Ազգային ժողովի յուրաքանչյուր աշխատակցի և մեր հայրենակիցների հանդեպ, ձեռնպահ ենք մնում վաղը ոչ միայն հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցելուց այլ նաև Ազգային ժողովի վարչական տարածք մուտք գործելուց:

Միևնույն ժամանակ շարունակում ենք հետևել բոլոր զարգացումներին և, իհարկե, շարունակում ենք կատարել Ձեր կողմից մեզ վստահված պատգամավորի պարտականությունները` մշտապես ականջալուր լինել մեր քաղաքացիների կողմից բարձրացրած խնդիրներին»: