ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գույքահարկի հետ կապված գրառում է կատարել։

«Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի 80 տոկոսը։ Այսինքն եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարեք 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։ Իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար կից սանդղակում կարող եք տեսնել, թե ո՛ր գնով բնակարանի համար ինչքան գույքահարկ եք վճարելու 2026 թվականին (բնակելի տների սանդղակը փոքր ինչ տարբեր է)։

Խնդրում եմ, «բնիկ» թե «եկվոր», տեղորոշեք ձեր կամ ձեր ծանոթների գույքը այս աղյուսակում և ասեք, թե ով ինչ խնդիր է տեսնում այս սանդղակի տողերից որևէ մեկի հետ։

Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր խումբ բնակարանների քանակին։ Նկատեք, օրինակ, որ 60 միլիոն դրամ և ավել գնահատված ընդամենը 10 000 բնակարան կա ամբողջ երկրում (բնականաբար ոչ բոլորը՝ Երևանի փոքր կենտրոնում)։ Երեկ շատ էին խոսում միայնակ թոշակառուներին պատկանող ինչ-որ աստղաբաշխական գներով բնակարանների մասին։ Ի՞նչ եք կարծում, այս 10 000 բնակարաններից քանիսի՞ սեփականատերերն են միայնակ թոշակառուները, իսկ քանիսինը՝ վարձու աշխատողներ կամ գործարարներ, որոնց եկամտահարկն ու շահութահարկը այս տարվանից իջեցվել է համապատասխանաբար 5 և 1 տոկոսով (ու ևս մեկական տոկոսով իջեցվելու է հաջորդ և այն մյուս տարի)։

Հիշեցնեմ նաև, որ հաջորդ տարի վճարելու ենք այս աղյուսակում նշված գույքահարկի 25 տոկոսը միայն, 2022-ին՝ 30 տոկոսը, 2023-ին՝ 35 տոկոսը, 2024-ին՝ 50 տոկոսը, 2025-ին՝ 75 տոկոսը, և միայն 2026-ից սկսած ենք վճարելու ամբողջ 100 տոկոսը։

Կարծիքնե՞ր»,- գրել է պատգամավորը: