Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Նոր Նորք» նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Մ.-ի գործի դատական քննությունը:

2019 թվականի մայիսի լույս 1-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդներ՝ սուր կտրող-ծակող գործիքով ստացած ծանր վնասվածքներով: Նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է, մյուսը ենթարկվել է վիրահատության, նրա կյանքը փրկվել է:

Պարզվել է, որ երիտասարդները 31 և 32 տարեկան եղբայրներ են՝ Նոր Նորքի բնակիչներ Գուրգենն ու Գևորգը: Մահացել էր Գևորգը, իսկ Գուրգենը ստացել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Նույն օրը հայտնաբերվել է եղբայրներին վնասվածքներ հասցրած անձը՝ նրանց հասակակից Հովհաննես Մ.-ն:

Դեպքի պահին Հովհաննես Մ.-ն 31 տարեկան էր:

2019 թվականի մայիսի 1-ին Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար, ինչի արդյունքում տուժողներից մեկը մահացել է, իսկ մյուսը չի մահացել վնասվածքներ պատճառողի կամքից անկախ հանգամանքով՝ ժամանակին ցուցաբերված բուժօգնությամբ  պայմանավորված:

Հովհաննես Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործի քննության ընթացքում, երբ պարզվել են կատարվածի մանրամասները, վարույթն իրականացնող մարմինը փոխել է Հովհաննես Մ.-ին առաջադրված մեղադրանքը:

2019 թվականի օգոստոսի 30-ին Հովհաննես Մ.-ին մեղադրանք է առաջադրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանության և անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով և 34-108 հոդվածով:

Սեպտեմբերի 20-ին Հովհաննես Մ.-ի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է ճանաչվել, նա ազատ է արձակվել կալանքից:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի մայիսի լույս 1-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Շահամիրյան փողոցի շենքերից մեկի հետնամասում, Հովհաննեսը  պարզաբանում է կատարել ժամեր առաջ ծանոթի՝ Գևորգ Գ.-ի հետ վիճաբանության հարցի շուրջ:

Պարզաբանման համար Հովհաննեսի հետ գիշերով հանդիպել են Գևորգն ու նրա եղբայր Գուրգենը: Հանդիպման ու պարզաբանման նախաձեռնողները եղել են եղբայրները:

Ըստ մեղադրանքի՝  պարզաբանման ընթացքում Գևորգը անսպասելի, քննությամբ չպարզված առարկայով հարվածել է Հովհաննեսի քթին՝ պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝քթի խոռոչ ներթափանցումով սալջարդ վերքի, քթոսկրերի բաց կոտրվածքի ձևով:

Այդ հարվածից ցավոտ վնասվածք ստացած Հովհաննես Մ.-ն Գևորգի ձեռքին դանակ է նկատել և, ունենալով ֆիզիկական բարձր պատրաստվածություն, մարտարվեստի հնարք է կիրառել, դանակը խլել է Գևորգի ձեռքից, ինչի ժամանակ ստացել է ձախ դաստակի երկրորդ մատի կտրվածք՝ խորանիստ ծալիչ ջլի վնասումով:

Դանակը խլելուց հետո, ճիշտ է, ըստ մեղադրանքի, վերացել էր իր կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգը, սակայն  Հովհաննես Մ.-ն, «մարմնակազմությամբ ու ֆիզիկապես» իր հետ կռվող եղբայրներից ավելի ուժեղ լինելով, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով դանակով հարվածներ է հասցրել Գևորգին ու Գուրգենին:

Գևորգին պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, կրծքավանդակի ու որովայնի խոռոչներ թափանցող ծակած-կտրած վերքեր: Ստացած վնասվածքներից Գևորգ Գ.-ն կարճ ժամանակ անց՝ ժամը 5-ն անց 15-ին հիվանդանոցում մահացել է:

Գուրգեն Գ.-ին պատճառվել է առողջության ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսի ծակած-կտրած, թափանցող, պարանոցի հետին մակերեսի ծակած-կտրած, արյունահոսող վերքերի, ձախակողմյան լարված պնևմոթորաքսի ձևով: Գուրգենին սպանելու դիտավորությունը, ըստ մեղադրանքի, Հովհաննեսն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության շնորհիվ նրա կյանքը փրկվել է:

Դատարանում Հովհաննես Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Գործով տուժող Գուրգեն Գ.-ն դատարանին դիմում է ներկայացրել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստերին:

Դատարանը հաշվի է առել, որ Հովհաննես Մ.-ն ընդունել է մեղքը, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է, նրա խնամքին են վատառողջ, թոշակառու ծնողները, դրական է բնութագրվում, բարձրագույն կրթություն ունի:

Դատարանը հաշվի է առել տուժողների վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործության կատարումը: Ընդ որում՝ դատարանը տուժողների վարքագծի հակաօրինականությունը դիտարկել է ոչ միայն բուն հանցանքի կատարման պահին, այլև հանցանքին նախորդած նրանց գործողություններում՝ ի սկզբանե, դեպքից ժամեր առաջ վիճաբանությունն առաջացել էր տուժողի՝ հարբելու և ագրեսիվ վարքագիծ դրսևորելու պատճառով, որից հետո Հովհաննեսը հեռացել է նրանց բնակարանից, սակայն Գևորգն ու Գուրգենը գնացել են նրա հետևից, հեռախոսային խոսակցության ժամանակ տվել են հայհոյանքներ ու պնդել են, որ Հովհաննեսը անպայման տանից դուրս գա՝ իրենց պարզաբանում տալու համար:

Դատարանը Հովհաննես Մ.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել դեպքի պահին նրա՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում գտնվելու հանգամանքը:

Դատարանը նաև հաշվի է առել, որ Հովհաննես Մ.-ի գործողությունների արդյունքում տուժող եղբայրներից մեկը զրկվել է կյանքից, մյուսը առողջության ծանր վնաս է ստացել, հանցագործությունն ուղղված է եղել երկու անձի կյանքի դեմ:

Տուժող կողմը քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Հովհաննես Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108 և 34-108 հոդվածներով, նա վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ 4 ամիս 20 օրը, վերջնական պատիժ է նշանակվել 1 տարի 1 ամիս 10 օր ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի Հովհաննես Մ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Նյութի աղբյուրը՝ 1in.am