Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին։

Հունիսի 28-ին, ժամը 00։07-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք, 11 ծառ և 14 կոճղ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հինգ փրկարարական ջոկատ։

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի երկու ջրատար։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը և ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ , փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը։

Անվտանգությունից ելնելով՝ Աին ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ տեղում իրականացնում են հերթապահություն։