Սան-Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի և Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանների գիտնականները եկել են եզրակացության, որ կորոնավիրուսով վարակված բջիջներում երկարավուն ճյուղավորումներ են ձևավորվում, որոնք թույլ են տալիս, որ վարակն ավելի արագ տարածվի օրգանիզմում, հայտնում է Financial Times-ը:

«Գոյություն ունեն երկարավուն թելիկներ, որոնք ճյուղավորումներ են առաջացնում հարակից առողջ բջիջների վրա, և առաջացած այդ «թունելով» վիրուսը վարակված բջջից առողջ բջիջներին է փոխանցվում»,-նշել է հետազոտական ծրագրի ղեկավար Նևան Քրոգանը:

Աղբյուրի տվյալներով՝ հետազոտության մեջ նշվում է նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կարող են կիրառվել քաղցկեղի բուժման համար արտադրվող պրեպարատները, քանի որ, Քրոգանի համոզմամբ, վերջինները քաղցկեղի դեպքում փորձում են գտնել բջիջների թույլ տեղը՝ «աքիլլեսյան գարշապարը», ուստի տրամաբանական է, որ հակավիրուսային և հակաքաղցկեղային պրեպարատների միջև շատ ընդհանրություններ կան: