Հանրային hեռուստաընկերությունն իր 1lurer.am լրատվական կայքով ապատեղեկատվություն է տարածում` մոլորեցնելով հասարակությանը և հերթական անգամ ապացուցելով, որ Հանրային hեռուստաընկերության լրատվական բաժինը սպասարկում է իշխանությունների շահերը և սեփական դիմագիծ չունի։ Այս մասին ասվում է «Մեդիա պաշտպանի» տարածած հաղորդագրությունում։

«Այս անգամ 1lurer.am-ը հոդված է հրապարակել` վերնագրելով. «Ջիանի Բուքիքիոն Հրայր Թովմասյանին կոչ է արել հարգել Սահմանադրությունը»:

Սա նկատվեց ու քննարկվեց համացանցում, ինչից հետո Հանրայինը որոշ փոփոխություններ արեց. «Բուքիքիոն Թովմասյանին ուղղված նամակում կոչ է արել հարգել Սահմանադրությունը, իսկ ԱՆ-ը հիշեցնում է՝ Հանձնաժողովի հետ կա ամբողջական համաձայնություն»:

Այս վերնագրից էլ կարելի է ենթադրել, որ Ջիանի Բուքիքիոյի կոչն ուղղված է Հրայր Թովմասյանին, մինչդեռ տեքստում ասվում է. «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք լիովին չեն արտահայտում Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը»:

Փաստացի, Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ` մատնանշելով դրանում տեղ գտած խնդիրները:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային hեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավարությանը ևս մեկ անգամ վերանայել նյութի վերնագիրը և դադարեցնել իշխանահաճո գործելաոճը»,- ասված է հայտարարությունում։