ՀՀ Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի դիտարկման, թե եթերում դիմակ կրելը պարտադիր է։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտարարել են. «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ եւս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։ Նաեւ կոչ են արել անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում՝ հայտարարելով, թե կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

Վարչապետի աշխատակազմի կողմից մատնանշված պարետի` N 110-Ն որոշման հավելված 16-ում սահմանված է նաեւ, որ աշխատավայրում պետք է պահպանվի 1,5 մետր հեռավորություն: Ինչպես ցանկացած նորմ, այդպես էլ դիմակ կրելու պարտադիրության նորմը ունի եւ պետք է ունենա նպատակ. այս պարագայում այդ նպատակը 3-րդ անձին վարակ չփոխանցելն է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթերային տաղավարներում տեխնիկական անձնակազմը ստանդարտին համապատասխան հաղորդավարից գտնվում է նվազագույնը 1,5-2 մետր հեռավորության վրա, ապա դիմակ կրելու նորմի նպատակն ինքնին համարվում է իրացված:

Բացի այդ, վարչապետի աշխատակազմը որեւէ կերպ ոչ լիազորված է, եւ ոչ էլ պարտավորված է հետեւել պարետի որոշումների կատարմանը, առավել եւս` դրանք կատարելու համար ցուցումներ տալուն:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը հստակ նշել է, որ եթերում դիմակ կրելու համապարտադիրության պահանջ որեւէ տեղ սահմանված չէ, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է այն եթերում չկրելու պարտավորության մասին:

Վարչապետի աշխատակազմը եւ ընդհանրապես ցանկացած պետական մարմին, որեւէ նորմի մասին հայտարարություն տարածելուց առաջ, լավ կլինի առնվազն ուսումնասիրի, թե այդ նորմը կարգավորման ի՞նչ առարկա ունի, եւ անձանց ի՞նչ շրջանակի վրա է այն տարածվում:

Կարծում ենք, որ նմանատիպ դեպքերով վարչական իրավախախտման ցանկացած արձանագրություն առերեւույթ ապօրինի է եւ ենթակա է լինելու վիճարկման: