ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 15։31-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ,  երկու ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։38-ին։

Այրվել են երկու շինությունների տանիքների (յուրաքանչյուրը՝ 1300 քմ) կառուցատարրերը՝ 300 քմ և 100 քմ, ինչպես նաև՝ 1000 քմ խոտածածկ տարածք։