Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մայիսին 3.9 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.4 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 23.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին նվազումը կազմել է 10.8 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 4.2 տոկոսով:

2020 թվականի հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.3 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ևս նույն չափով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 8.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մայիսին աճել է 7.9 տոկոսով՝ կազմելով 190 հազար 166 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.7 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 11.2 տոկոսով, ընդ որում՝  արտահանումը նվազել է 8.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ նվազել է 12.8 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-մայիսին եղել է 483.95:

Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթեր բոլոր երկրների տնտեսություններում: