Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Իտալիայի դեսպանության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով (Emergency Response Coordination Center — ERCC) հունիսի 26-ին Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը: Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բժշկական անձնակազմին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը

Առաքելությունը Հայաստանում գործունեություն կծավալի երեք շաբաթ: