Ես շարունակելու եմ աշխատել. շարունակելու եմ իմ գործունեությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, որի լիզորությունները ըստ սահմանադրական փոփոխությունների, այսօրվանից դադարել են:

Հարցին՝ մտահոգություն չունի արդյո՞ք, որ իրեն կարող են ուժով հեռացնել, ինչպե՞ս է կարգավորվում հարցը, տիկին Գյուլումյանը նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով. «Որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռեւս շարունակում ենք աշխատել:

Դատարանում, երբ որեւէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային, այսպես ասած, որոշում է ըդնունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ հայտարարությունները ոչ իմ, որ էլ ձեր աշխատանքից ազատվելու հիմք չեն»,-ասաց նա:

Բացի դրանից, դատավորի խոսքով, պետք է լինի նաեւ իրավական հիմք, որ այդ որոշումը վերաբերում է նաեւ իրեն, իսկ հայտարարություններն այդպիսի հիմք չեն: