Հայաստանն առողջապահական, տնտեսական և սոցիալական խնդիրների միջև մշտապես ճիշտ հավասարակշռություն պահելու անհրաժեշտությունն ունի: Ապրիլին, երբ երկրում 70.000 աշխատատեղ փակվեց, ակնհայտ էր, որ նման ռեժիմի շարունակվելու պարագայում ՀՀ-ն կանգնելու էր սոցիալական կոլապսի առաջ:

Ներկա պահին երկրում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ  լարված: Խնդրի լուծման բանալին հակահամաճարակային կանոնների պահպանումն է: ՀՀ քաղաքացիներին առաջարկվող կանոնները նույնն են, ինչ ամբողջ աշխարհում: Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներին նման գնահատական է երկու օր առաջ տվել ԱՀԿ ներկայացուցիչը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ըստ էության, մեզ ոչ մի նոր բան խորհուրդ չեն տվել: Դրանք նույնն էին՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը: ԱՀԿ ներկայացուցիչը նույնիսկ ասաց. այս պահին ցավոք  չունենք պատվաստանյութ, և հայտնի  էլ չէ, թե երբ այն կլինի: Մինչ իրական արդյունավետություն ապահոված պատվաստանյութը լինի,  պատվաստանյութը մնում է դիմակը, ուրիշ տարբերակ չկա:

Զուտ կանոների առումով, մենք  ունենք այն, որը պետք է ունենանք: Խնդիրն այդ կանոների պահպանման որակի մեջ է և դրանց համատարած ու աներկբա պահպանումն ապահովելու և այդ նպատակին հասնելու մեջ է: Այսօր մեր մեծագույն խնդիրը բակերն են և բակային տարածքները,  թաղումներն են, և հոգեհանգստի արարողությունները:

Այսօր մենք դա չենք կարողանում անել, և խնդիրը հետևյալն է. երբ ես փողոցում տեսնում եմ մարդ, որն առանց դիմակի քայլում է, պետք է հասկանանք ինչպես այդ քաղաքացուն խնդրենք, անհրաժեշտության դեպքում պարտադրենք, որ կրի դիմակ: Այստեղ է պրոբլեմը»,-շեշտեղ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության  ռազմավարությունը հետևյալն է. պետք է մաքսիմալ բարձր որակով կարողանալ կորոնավիրուսի հետ համատեղ ապրել՝ կանոնների համընդհանուր պահպանմամբ: Միաժամանակ, չի բացառվում, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ մարդկանց կյանքերը փրկելու տարբերակ պարզապես չլինի, և կառավարությունը գնա համընդհանուր սահմանափակումների, հասկանալով, որ դա կարող է ջարդել տնտեսության ողնաշարը:

Նման իրավիճակում չհայտնվելու համար վարչապետը մեկ անգամ ևս հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները: «Ակնհայտ է, որ պետք է ամեն ինչ անել կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություն ձեռք բերելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: