Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ, կեսգիշերին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն», — նշել է նա` հավելելով, որ երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շեշտել է` Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները։
Այսօրվանից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով իշխանությունն արդեն որոշել է, թե ովքեր են համալրելու ՍԴ նոր դատավորների շարքերը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն հաջորդ շաբաթ խորհրդարանին կներկայացվի նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածություը, որպես ՍԴ անդամ։

Ջհանգիրյանը 2018-ի հայտնի իրադարձություններից հետո պարբերաբար հանդես է գալիս իշխանությանը գովաբանող հայտարարություներով։

Չի բացառվում, որ Գագիկ Ջհանգիրյանը ընտրվի նաեւ ՍԴ նախագահ։

Irakanum.am