2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ Արցախում գրանցված գործազուրկների թիվը կազմում է 1404, իսկ աշխատանք փնտրող անձանց թիվը՝ 1503: Այս մասին ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցմանը հայտնել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Արցախի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2019թվականի հունվարի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը կազմել է 13,4 տոկոս, իսկ գործազուրկների թիվը՝ 9100 մարդ:

Նախատեսվում է աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի վերաբերյալ տվյալների առցանց հարթակի շահագործմամբ գործազրկության մակարդակի իջեցում, զբաղվածության ճկուն պետական քաղաքականության իրականացում՝ հստակ թիրախավորված ծրագրերի ներդրմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, բոլորի համար հավասար ու խթանող այնպիսի պայմանների ստեղծում, որ աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություն՝ անշուշտ պետության ուշադրության կենտրոնում  պահելով նաեւ սոցիալապես խոցելի խմբերին: