«Ժառանգություն» կուսակցության վարչությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«ՀՀ  ԱԺ-ում ծավալված վերջին իրադարձությունները, որոնց հռչակած նպատակը Սահմանադրական դատարանի թնջուկի ամեն գնով հանգուցալուծումն է, հերթական անգամ ապացուցեցին, որ կառավարության և խորհրդարանի իշխող մեծամասնության բոլոր ճիգերը՝ հանգուցալուծելու համաժողովրդական քվեին չարժանացած, բայց գործող սահմանադրությունից բխող տարբեր խնդիրները, դատապարտված են ձախողման, որովհետև համակարգային բնույթ չեն կրում: ՀՀ իշխանությունը ամեն անգամ փորձում է, կարկատաններ հորինելով, բարեփոխել անբարեփոխելին, պահով պայմանավորված կետային շտկումներ կատարել: Նմանօրինակ կարկատանները հետագայում էլ ավելի մեծ խնդիրների են հանգեցնելու թե՛ իրագործման ձևի, թե՛ բովանդակության առումով:

«Ժառանգությունը» համոզված է, որ այդ օրենսդրական կարկատանների ստեղծումն ամեն անգամ մեզ ավելի ու ավելի է հեռացնում գլխավոր նպատակից՝ պետությունը խորասուզելով իրավաքաղաքական քաոսի մեջ: ժողովրդի կողմից մերժված, կեղծված և դանդաղ գործունեության ականներ պարունակող այս սահմանադրության առանձին դրույթների փոփոխությունը խնդրահարույց օրինականություն ունեցող ձևերով չի հանգեցնելու ո՛չ նոր Սահմանադրական դատարանի ձևավորման, ո՛չ էլ ՀՀ դատական համակարգի անկախացման ու ժողովրդավարացման: Պետք չէ ամեն անգամ կրկնել հին սխալները՝ ի սկզբանե չգործող օրենքներ ընդունելով: Հիշենք ՍԴ դատավորներին վաղաժամկետ արտոնյալ թոշակի ուղարկելու օրենսդրական նախագիծը, որից այդպես էլ ոչ ոք չօգտվեց, այս վերջին օրենսդրական նախաձեռնություններն էլ այդ նույն ճակատագրին են արժանանալու: ԱԺ-ն չի կարող իրեն վերապահել ՀՀ իշխանության մյուս թևերին պատկանող բոլոր գործառույթները:

«Ժառանգությունը» պահանջում է ՀՀ իշխանությունից սկսել նոր սահմանադրության ընդունման հնարավորինս արագացված գործընթացը, բայց ոչ թե արդեն ձևավորված հանձնաժողովի կազմով, այլ ընդլայնված, քաղաքական և իրավագիտական փորձառությամբ հայտնի, սկզբունքային գործիչների նոր համախմբումով:

Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, որը կմշակվի ազգային համաձայնության մթնոլորտում և կունենա իրավականության բարձր աստիճան ու քաղաքական անխոցելիություն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային համապատասխան հարթակներում: Միայն այս ճանապարհով կարող ենք հրաժեշտ տալ անցյալի ուրվականներին»: