Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք: Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

ԱԳՆ խոսնակը, մասնավորապես, ասել է.

«Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք:

Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի եւ այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին:

Կարծում ենք, որ հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիեւ գերդաստանը պետք է ոչ թե դասարակագային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձեւավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության:

Վստահ ենք, որ ժողովուրդներին կարող են հաշտեցնել եւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունությանը նպաստ բերել ոչ թե իշխանությունը ժառանգած, այլ ժողովրդի կողմից կազմավորված եւ ժողովրդի առջեւ հաշվետու իշխանությունները»։