Իսպանական Լա Լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ակումբի Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մարզաբազայում մրցեց «Մալյորկայի» հետ: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

«Ռեալի» երկրորդ գոլը խաղի 56-րդ րոպեին խփեց թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը՝ սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ: «Մալյորկայի» դեմ խաղում խփած գոլը Ռամոսի համար դարձավ 8-րդն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

Լա Լիգայի նախորդ մրցաշրջաններում Ռամոսն ամենաշատը 7 անգամ էր գոլի հեղինակ դարձել 1 մրցաշրջանում:

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրից հետո «Ռեալն» ու «Բարսելոնան» ունեն հավասար՝ 68-ական միավոր և կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին 2 հորիզոնականը: