«ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել է ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները, և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«ԲՀԿ-ից մի քանի անգամ գնացած-հետ եկած ոմն պատգամավոր երեկ խոսել էր՝ նշելով, որ Ազգային ժողովում չկա ընդդիմություն՝ մեջբերելով ՍԴ դիմելու վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշումը։

Ուղղակի կցանկանայի փաստել, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել է ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները, և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ, բայց արի ու տես, որ այդ նույն դիմումի տակ ոչ միայն չկա սույն պատգամավորի ստորագրությունը, այլև մինչ օրս նա խուսափել է հայտնել հստակ դիրքորոշում ՍԴ դիմելու մասին։

Հաշվի առնելով ընտրություններից առաջ կուսակցություն բացելու, ապա որևէ մեծ կուսակցության հետ ընտրություններին մասնակցելու նրա սովորությունը՝ կարելի է ենթադրել, որ սույն պարոնն այսօր էլ լծվել է Ազգային ժողովի ընդդիմադիր գործընկերներին վարկաբեկելու գործին՝ ճանապարհ հարթելով իր ծառայությունների նոր գնորդների համար»,- գրել է Գորգիսյանը։

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստանը» մտադիր էր Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժն ունի 25 պատգամավոր, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չէր լինի։