Քսանվեց ստորագրություն՝ սա բավարար քանակ է, որպեսզի Սահմանադրական դատարանը քննարկման վերցնի պատգամավորների դիմումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ՍԴ-ին պատգամավորների դիմումի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կապված Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունման հետ։

Հիշեցնենք, որ գործընթացը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ նախաձեռնությանը կմիանա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Այսպիսով, ստորագրությունները դարձան 26-ը։ Սակայն արդեն երկար ժամանակ է, որպես ԱԺ ներկա գումարման պատգամավորների թվի մեկ հինգերորդ մաս, նշվում է 27 թիվը։

«Եթե վերցնում ենք պատգամավորների թիվը, նրանք 132-ն են, ինչը, իմիջիայլոց, խախտում է, նրանք պետք է 131 լինեն, այսինքն մեկ հինգերորդ մասը, որը ունի ՍԴ դիմելու իրավունք, կազմում է 26 ամբողջ 4 տասնորդական։ Հանրահաշվական կանոններով՝ 26,4-ը կլորացնելով՝ ստանում ենք 26, ոչ թե 27։ Ցանկացած դասագրքում կա այդ կանոնը։ Դա նշանակում է, որ եթե իրավունք ունի դիմել մեկ հինգերորդ մասը, եւ քանի որ չի կարող լինել 4 տասնորդական մարդ, հավաքվել է բավարար քանակի ստորագրություն։ Երկրորդ հանգամանքը։ Վերջերս ԱԺ արարողակարգային բաժինը նման իրավիճակում, երբ 11 մարդուց հանձնաժողովի նիստում ներկա էր հինգը, հաշվեց, որ քանի որ կեսը հինգուկես մարդ է, կլորացրեց եւ որոշեց, որ հինգ մարդը կարելի է համարել քվորում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։