Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Ուրցաձոր գյուղի «Գնջռլու յայլաներում» գտնվող և այնտեղ ժամանակավորապես որպես կացարան տեղադրված վագոն-տնակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են կրակը, որից հետո այնտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը, ով գրեթե ամբողջովին եղել է այրված, Ուրցաձոր գյուղի բնակիչ՝ 61-ամյա Հայաստան Սարգսյանն էր։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Հրդեհի վայրում հայտնաբերվել է նաև գազաբալոն, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ կրակն առաջացած լինի գազաբալոնից, կամ էլ տեղի է ունեցել պայթյուն։