Եվրախորհրդարանի առաջ  ելույթի ժամանակ  Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ  Հեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը վատթարացել է, փոխանցում է Aljazeera-ն:

«Համաճարակի առաջին ամսին ԱՀԿ-ն տվյալներ էր ստացել եւ հայտնել էր կորոնավիրուսով վարակման 10 հազար դեպքի մասին, վերջին ամսվա ընթացքում մենք հայտնել ենք արդեն ավելի քան 4 միլիոն մարդու վարակման մասին: Վիճակագրությունից դատելով, հաջորդ շաբաթ սպասվում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կհասնի 10 միլիոնի, իսկ մահերի թիվը՝ 500 հազարը կգերազանցի»,-մանրամասնել է Հեբրեյեսուսը:

Նա հստակեցրել է, որ Եվրոպայում իրավիճակի լավացում է նկատվում:

Հիշեցնենք, այս շաբաթ ԱՀԿ տնօրենը հայտնել էր, որ աշխարհը մուտք է գործում  համաճարակի նոր ու վտանգավոր շրջան: Ըստ նրա, դա կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ հոգնել են տանը նստելուց եւ այլեւս չեն հետեւում մեկուսացման կանոններին: Ընդ որում, վարակը շարունակում է արագորեն տարածվել եւ մնալ մահացու վտանգավոր: