ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 23-ամյա բնակիչը  ընկերոջից թաքցնելով վառելափայտ ձեռք բերելու համար համապատասխան փաստաթուղթ չունենալու հանգամանքը, 2020թ. մայիսի 12-ին` ժամը 12-ի սահմաններում, վերջինիս հետ իրենց պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի անտառպետության 3-րդ պահաբաժնում գտնվող «Գուլաբի» կոչվող հանդամաս, որտեղ 23-ամյա երիտասարդը բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է հաճարենի տեսակի ծառեր, այնուհետև առանց թույլտվության այն տեղափոխել:

Նույն օրը, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, վերոնշյալ ավտոմեքենաները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ստուգման են ենթարկվել և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագորություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում պատճառված վնասը վերջինիս կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: