Ինչպիսի մեծ դերասան է մեռնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Նա, մասնավորապես, գրել է. «Ինչպիսի մեծ դերասան է մեռնում», — ահա այս վանկարկումով մեր թվարկության 68 թվականին Հռոմի կայսր Ներոնն ինքնասպան եղավ՝ կտրելով սեփական կոկորդը: Ներոնն առաջին պոպուլիստն էր, որ պլեբեյներին դուր գալու եւ սիրաշահելու համար ծաղրում, նվաստացնում եւ մահվան էր հասցնում անգամ իր ուսուցիչներին, մտավորականներին, արիստոկրատներին։

Ներոնը, եթե հիշում եք, նույնիսկ սեփական մորը սպանեց ու այնուհետեւ պլեբեյների առջեւ հռոմեական ներկայացում բեմադրեց, եւ ինքն էլ խաղաց այդ ներկայացման մեջ։ Պլեբեյներն աստվածացնում էին Ներոնին, որովհետև նա ասում էր, թե իրենցից մեկն է ու որ Հռոմում բոլորը Ներոններ են։

Բայց մի օր պլեբեյների մեղքով այրվեց Հռոմը եւ պլեբեյները մեղադրեցին Ներոնին, վստահ լինելով, որ նա է այրել տվել Հռոմն ու բարձունքից հիացմունքով նայել եւ տավիղ նվագել։ Չնայած, փաստերն այլ բան են պնդում, որ Հռոմի մեծ հրդեհի օրը Ներոնն անգամ Հռոմում չի եղել, սակայն պլեբեյներին մեղավոր էր պետք, ու նրանք մեղավոր կարգեցին

Հռոմի թիվ մեկ պոպուլիստին, ով հռոմեացիների կենսական խնդիրները լուծելու փոխարեն զբաղված էր հարատեւ դեմագոգիայով ու արդեն նողկալի դարձած պոպուլիզմով։

Հ. Գ. Ի դեպ, պատմությունը զարմանալի բան է՝ այն կրկնվելու սովորություն ունի»: