Եվս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուսով է հաստատվել։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ես երեկ ասացի, որ այդ պահի դրությամբ իմ ունեցած տեղեկատվությամբ մեկ պատգամավորի մոտ է հաստատվել կորոնավիրուսը, մյուսների թեստի արդյունքները պետք է ստանայինք։ Եվս մի քանի պատգամավորի մոտ հաստատվել է, բայց նրանց անունները չեմ կարող հրապարակել։ Այսինքն՝ մեկից բացի ևս 3-ի մոտ հաստատվել է»,– ասաց Մակունցը։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցությունից կորոնավիրուսով են վարակվել նաև Հակոբ Սիմիդյանը, Մխիթար Հայրապետյանը, Արեն Մկրտչյանը, Հայկ Սարգսյանը։ Նշենք, որ այսօրվա արտահերթ նիստին այս պատգամավորները չեն մասնակցում։

NEWS.am-ը փորձեց կապ հաստատել այս պատգամավորների հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

«Իմ քայլի» մյուս անդամներից փորձեցինք ճշտել այս լուրը, թե արդյ՞ոք իրենք տեղեկություն ունեն մյուս գործընկերների վերաբերյալ։ Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի, տեղյակ է միայն այն դեպքերից, որոնք հրապարակային ասվել են։

Խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը մեր հարցը ոչ կոռեկտ համարեց և չցանկացավ խոսել այդ մասին։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ին, ֆեյսբուքյան իրենց էջերում իշխող ուժի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը հաստատել են, որ վարակվել են կորոնավիրուսով։ «Իմ քայլից» Ծովինար Վարդանյանն էլ NEWS. am -ի հետ զրույցում ասել էր, որ թեստ է հանձնել, սակայն պատասխանը դեռ չկա։ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ ևս հաստատվել կորոնավիրուս։ «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն էլ երեկ ֆեյսբուքում տեղեկացրեց, որ շփվել է վարակված անձի հետ և ինքնամեկուսացել է։