Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) շարունակվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված և հունիսի 18-ին ընդհատված կարգապահական վարույթի քննությունը:

Հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ԲԴԽ հրավիրելու վերաբերյալ Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միջնորդություն ներկայացրեց, որը խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո Խորհուրդը մերժեց:

Ապա կողմերն անցան եզրափակիչ ելույթներին:

Արդարադատության նախարարի կարծիքով՝ ներկայացված միջնորդությունը ամբողջովին ենթակա է բավարարման, իսկ դատավոր Ազարյանի ներկայացուցիչ ՏիգրանԱթանեսյանը ևս մեկ անգամ պնդեց, որ սա փորձ է դատավորին ճնշելու, որը, ցավոք սրտի արվում է ԲԴԽ-ի միջոցով: Հույս հայտնեց, որ ԲԴԽ-ն կդիմակայի այս փորձությանը:

Տիգրան Աթանեսյանը նշեց նաև, որ իրենց միջնորդությունը մերժելով՝ ԲԴԽ-ն իրենց զրկեց իրենց դեմ մեղադրող անձի շարժառիթները լսելու և այդպիսով պատշաճ պաշտպանվելու իրավունքից:

Դրանից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց, որ միջնորդության քննությունը համարվում է ավարտված, և Խորհուրդն իր կայացրած ակտը կհրապարակի հուլիսի 9-ին՝ 14:10-ին:

Խորհրդի նիստը հայտարարվեց փակված: