ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հաղթահարում կորոնովիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը եւ ժամանակին ականջալուր չի եղել փորձագետների նախազգուշացումներին: CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես վստահություն չունեմ այն հարցում, թե նախագահ Թրամփն ինչպես է հաղթահարում այս վիթխարի ճգնաժամը,- հայտարարել է նա: — Անչափ անհետեւողական քաղաքականություն է վարվել հունվարից, երբ Սպիտակ տան խորհրդականները սկսեցին գիտակցել խնդրի մասշտաբները: Սա չի կարող լինել համընդգրկում ռազմավարության մաս»:

«Իշխանություններն իրենց դերակատարումն ունեցել են տեղական եւ նահանգային մակարդակով, բայց դաշնային մակարդակով համավարակին արձագանքը հետեւողական չի եղել,- հավելել է նա: — Կարծում եմ՝ կան անհերքելի մատնանշումներ այն բանին, որ երբ հունվարի սկզբին փորձագետները տագնապ էին բարձրացնում, նախագահ Թրամփը չէր ցանկանում վատ լուրեր լսել այն մասին, որ Չինաստանը թաքցնում է կորոնավիրուսի մասին տեղեկությունները կամ Չինաստանի հետ առեւտրային համաձայնագրի համար դրա հետեւանքները, որի վրա նա այդքան մեծ խաղադրույք էր կատարել»:

Թրամփը Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին հայտարարել էր 2018 թվականի մարտին, իսկ 2019 թվականի սեպտեմբերին նրան պաշտոնանկ էր արել: Նրա՝ «Սենյակը, որտեղ դա տեղի ունեցավ. Սպիտակ տան հուշագրություններ» (The Room Where It Happened: A White House Memoir) հուշագրությունը, որում պարունակվում են Դոնալդ Թրամփի գործունեության միանգամայն բացասական գնահատականներ, լույս է տեսել երեքշաբթի:

Միջուկային զենքի վերահսկման վստահության մասին

Բոլթոնը նաեւ հայտարարել է, որ Թրամփին կարելի է վստահել Վաշինգտոնի տնօրինման ներքո գտնվող միջուկային սպառազինության վերահսկումը, բայց միայն այն պատճառով, որ ճգնաժամի դեպքում նրա գործողությունները զսպելու են խորհրդականները:

Նրան հարց է տրվել այն մասին, թե թույլատրելի համարո՞ւմ է արդյոք, որ Թրամփի տրամադրության տակ են ծածկագրերը, որոնք, մասնավորապես, անհրաժեշտ են միջուկային մարտագլխիկներով ամերիկյան հրթիռների արձակման համար: Բոլթոնը դրական է պատասխանել:

«Այդպես եմ կարծում այն պատճառով, որ այնպիսի պայմաններում, երբ ԱՄՆ-ն կարող է հայտնվել կարեւորագույն որոշման առջեւ, որը կարող է առնչվել այդ ծածկագրերին, [Թրամփի] բոլոր խորհրդականների ընդհանուր կշիռը, ով էլ որ նրանք լինելու լինեն, կարող է բավարար լինել, որպեսզի կարողանանք հավատալ, որ կհետեւի պատասխանատու որոշում»,- պարզաբանել է Բոլթոնը:

Նա նաեւ ընդգծել է, թե «ազգային անվտանգության ոլորտում առանցքային որոշումների» ընդունումը Թրամփին վստահելը ողջամիտ չի համարում: Բոլթոնի խոսքով՝ ԱՄՆ գործող առաջնորդը հակված է ճգնաժամի պայմաններում հապճեպ գործելուն:4

Թրամփի հիմնական խնդիրը

Բոլթոնն ԱՄՆ ներկայիս ղեկավարի հիմնական խնդիրը համարում է այն, որ Թրամփն ի վիճակի չէ կենտրոնանալ կոնկրետ խնդիրների լուծման վրա:
«Կարծում եմ, որ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում մնալու վտանգն այն է, որ նա չի կարողանում կենտրոնանալ որոշումների կայացման գործընթացի վրա,- նշել է նա:- Նրա գործողությունները կորոնավիրուսի համավարակի ընթացքում հստակ ցույց են տալիս, թե ինչ ռիսկեր են առաջանում, եւ ավելի սուր ճգնաժամի դեպքում, իսկ ինձ թվում է, որ այդպիսին կարող է լինել տնտեսության վիճակը, նա, ամենայն հավանականությամբ, գործելու է նույն ոգով»:

Բոլթոնը զերծ է մնացել կանխատեսումներից, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Թրամփը երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում: «Երբ նախագահը կորցրել է իր պատկերացումն այն մասին, թե ինչպիսին են իրական տրամադրությունները Հանրապետական ​​կուսակցությունում, դժվար է պատկերացնել, թե նա ինչ կարող է անել վերընտրվելու դեպքում»,- հայտարարել է Թրամփի նախկին օգնականը:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի էր տվել Բոլթոնին՝ նրա գրքի  հրատարակման կապակցությամբ: ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Բոլթոնը խախտել է պետական ​​գաղտնիք ներկայացնող տեղեկատվությունը չհրապարակելու պարտավորությունը, որը նա ստանձնել էր՝ դառնալով նախագահի խորհրդական: