Երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես որպես Վահեի հետ կոնտակտավոր  անձ, անմիջապես թեսթ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնամեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը  փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա գրել է. «Քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացա պատասխանը` այն բացասական  է և ինձ մոտ կորոնավիրուս չկա:

Այնպես որ, ես անցնում եմ իմ բնականոն աշխատանքային ռիթմին: Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, այդ թվում` իմ խմբակցության և  «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս:

Շուտափույթ ապաքինում բոլորին, և քանի որ մամուլում եղավ  տեղեկատվություն, որ մեր որոշ պատգամավոր գործընկերներ արդեն վարակակիր են եղել, բայց կանչվել են խորհրդարան` հայտնի հակասահմանադրական նախագծին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար, առաջիկա օրերին ԱԺ չեմ գնալու, մինչև  խորհրդարանի շենքը հիմնավորապես չախտահանվի: Առողջ եղեք»:

Իր հերթին ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը գրել է, որ իր մուտ մույնպես թեստը բացասական արդյունք է տվել. «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ստացել եմ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, որը բացասական էր: Թեստը հանձնել էի, քանի որ խորհրդարանում փաստորեն շփվել էի կոնտակտավոր անձանց հետ:

Առողջություն եմ մաղթում գործընկերներիս և բոլոր նրանց, ովքեր վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով:

Շուտափույթ ապաքինում բոլորին»: