Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հունիսի 25-ին հրավիրել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ քննարկելու hիմնադրամի առաջիկա տարիների գործունեության ռազմավարությունը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի ներդրումային հիմնադրամի դերը հանրապետության տնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով կառույցի միջոցով իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ հիմնադրամն ունի համապատասխան գործիքակազմ, և հատկացվող միջոցների ծավալների ավելացման դեպքում նոր թափ կհաղորդվի իրականացվող ծրագրերին: