Microsoft ընկերության գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան երեքշաբթի օրը հայտարարել է ռասայական խտրականության դեմ պայքարի մի շարք միջոցառումների, այդ թվում՝ ԱՄՆ-ում կորպորացիայի ղեկավար կազմում սեւամորթների թվի ավելացման մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Նադելլայի՝ մինչեւ 2025 թվականը սեւամորթ մենեջերների, բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաև Microsoft-ի շարքային աշխատակիցների շրջանում ղեկավարների թիվը կավելացվի երկու անգամ: Միջին մակարդակի աշխատակիցների թվին պատկանող աֆրիկացիների համար առաջնորդության զարգացման հատուկ ծրագրեր կկազմակերպվեն, որոնք կնախապատրաստեն նրանց հետագա առաջխաղացմանը: Նշված ժամանակահատվածում ընկերությունը կընդլայնի նաեւ ինֆորմատիկայիասավանդման կամավոր ծրագրերն այն դպրոցներում, որոնց աշակերտների մեծ մասը սեւամորթներ են, ինչպես նաեւ կուժեղացնի աջակցությունը բարձրագույն ուսումնական հաստատություններին, որտեղ ավանդաբար աֆրոամերիկացիներ են սովորում:

Բացի այդ, երեք տարվա ընթացքում Microsoft-ը կրկնապատկի սեւամորթներին պատկանող մատակարարող ընկերությունների թիվը եւ գործարքների քանակը բանկային հաստատություններում, որոնք պատկանում են այս փոքրամասնության անդամներին:

Անցյալ շաբաթ ամերիկյան Facebook կորպորացիան հայտարարել էր ռասիզմի դեմ պայքարի միջոցառումների մասին՝ խոստանալով հինգ տարվա ընթացքում 30 տոկոսով ավելացնել սեւամորթների թիվը ղեկավար կազմում:

Ռասայական անարդարության խնդիրն ԱՄՆ-ում սրվել էր բողոքի ցույցերի բռնկման ֆոնին, որոնք բռնկվել էին Մինեապոլիսում (Մինեսոտա) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Մայիսի 25-ին նրա կալանավորման ընթացքում ոստիկանությունը խեղդամահ անող հնարք էր կիրառել: Դրանից հետո Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում: Ձերբակալությանը մասնակցաց բոլոր չորս ոստիկանները ազատվել են աշխատանքից, նրանց դեմ մեղադրանքներ են առաջադրվել: